ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԽՈՐԻՄԱՍՏ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

ԽՈՐԻՄԱՍՏ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
28.05.2010 | 00:00

Գործող նախագահը գնաց: Եվրոպա: Առաջին նախագահը եկավ: ԱՄՆ-ից: Երկրորդ նախագահը տեղում է, բայց գուցե գնա-գա: Ռուսաստան: Ռուսաստանի նախագահն էլ գուցե գա Հայաստան: ԱՄՆ-ի նախագահն էլ գուցե մի տեղ գնա: Մի խոսքով, աշխարհում ակտիվություն է: Բոլորը գնում են: Բոլորը գալիս են: Հարցերը տալիս են: Պատասխանները գալիս են: Բայց տեղ չեն հասնում: Կա՛մ հարցերն են սխալ, կա՛մ պատասխանները, կա՛մ հարցնողները, կա՛մ պատասխանողները: Մի բան սխալ է: Ի՞նչը` ոչ ոք չգիտի: Բայց բոլորը կասկածում են: Առաջին նախագահին, երկրորդին, երրորդին, Մեդվեդևին, Օբամային, Սարկոզիին: Չինաստանի նախագահը կասկածներից վեր է: Նախ Չինաստանն է հեռու, հետո էլ ազգանունը դժվար հիշելի է: Ամեն դեպքում, հիմնախնդիրները չեն լուծվում: Երևի հիմնախնդիրներն են բարդ: Երևի Աստված չի ուզում: Երևի ժամանակը չի եկել:
Այս ֆոնի վրա հասարակական միտքը բուռն զարգացումներ է ապրում: Կապված հնարավոր արտահերթ ընտրությունների հետ: Կապված հնարավոր հերթական ընտրությունների հետ: Կապված երկու շրջանների հնարավոր վերադարձի հետ: Կապված երկու շրջանների վերադարձի անհնարինության հետ: ՈՒ լրիվ անկապ: Քանի որ ամեն դեպքում հասարակական միտք է: ՈՒ զարգանալու կարիք ունի: Հասարակական մտքի վառ ներկայացուցիչները կոչ են անում բարձրացնել ժողովրդի ինքնագիտակցությունը: Անհատական գիտակցությունը: ՈՒ ամբոխների ենթագիտակցությունը: Այդ նպատակով գները բարձրացնում են, հեռուստաալիքների թիվը պակասեցնում են, «Բարգավաճ Հայաստանին» օրինականացնում են, «Օրինաց երկրին» բարգավաճացնում են, հանրապետականներին երիտասարդացնում են, երիտասարդներին հանրապետականացնում են, հայախոսներին ռուսախոսացնում են, ռուսախոսներին զրկում են խոսքի իրավունքից, իրավունքներն ընդհանրապես լայնացնում են, մասնավորապես, նեղացնում են, նեղացողներին նստեցնում են, չնեղացողներին կանգնեցնում են, կանգնածներին բարձրացնում են: Բայց աստիճանաբար: Այս ներքին խմորումներից ոմանք թխում են մատնաքաշ, երկրորդները` լավաշ, երրորդները` ֆրանսիական բուլկի, չորրորդները` ռուսական սև հաց, հինգերորդները` համբուրգեր կամ չիսբուրգեր: Նայած` պանի՞ր են սիրում, թե՞ կոտլետ: Ափսոս հայկական պանիրը վերջերս ընդհանրապես ուտելու բան չէ: Փոշիացրած եվրոպական կաթից շատ անհամ պանիր է դուրս գալիս: Եվրոպական ժողովրդավարության հետ համեմատել չի կարելի: Լրիվ անմրցունակ ապրանք է: Նույնիսկ` ապագա թուրքական շուկայում: Բայց մենք, իհարկե, գրում ենք ոչ թե պանրի, այլ խորիմաստ զարգացումների ու հասարակական մտքի վառ ներկայացուցիչների մասին: ՈՒ այստեղ նշմարվում է շատ սերտ ու փոխադարձ մի կապ: Ինչքան զարգացումներն ավելի խորիմաստ են, այնքան մտքերն ավելի վառ են: ՈՒ ինչքան մտքերը վառ են, այնքան զարգացումները` ավելի խորիմաստ: Թե որն է այստեղ առաջնայինը, որը` երկրորդականը, դժվարանում ենք ասել: Ըստ Մարքսի` կեցությունն է որոշում գիտակցությունը: Այսինքն, ինչպիսին կեցությունն է, այնպիսին էլ գիտակցությունն է: Բայց կա և հակառակ կարծիքը` ինչպիսին գիտակցությունն է, այնպիսին էլ կեցությունն է: Այսինքն, մարդու կեցության մակարդակը պայմանավորված է նրա գիտակցության մակարդակով: Ճիշտ է, այստեղ հարց է առաջանում` մի՞թե մեր օլիգարխները, որոնք կեցության խնդիր չունեն, մեր հասարակության ամենագիտակից մասն են: Կամ` մի՞թե շատ մտավորականներ, որոնք կեցության խնդիրներ ունեն, մեր հասարակության ամենաանգիտակից հատվածն են: Ինչպես տեսնում եք` հայկական իրականությունն այնքան բարդ է, որ մեզանում չեն աշխատում նույնիսկ հայտնի փիլիսոփայական օրենքները: Իրոք, մերն ուրիշ է: Սա, իհարկե, խորիմաստ զարգացումների յուրօրինակ արտահայտություններից մեկն է, ընդ որում ոչ ամենահետաքրքիրը: Բայց գլխավորը ` զարգացումները կան: ՈՒր կհասցնեն նրանք ապագայում, ցույց կտա անցյալը: Ո՛չ ներկան:
Արամ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ